Հունիսի 21-ին Բելառուսի Հանրապետությունում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի հերթական նիստի շրջանակներում հայկական կողմի ներկայացրած նախաձեռնողական առաջարկի շրջանակներում ընդունվել է «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշումը։
Վերոնշյալ հարցը բարձրացվել է գործարար համայնքի ներկայացուցիչների կողմից և անմիջականորեն առնչվում է երրորդ երկրներում ավտոտրանսպորտային միջոցներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ փոխազդեցության դադարեցման հնարավոր վտանգին։
Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 46-րդ և 47-րդ կետերով նախատեսված սերտիֆիկացման մարմնի կողմից պլանային վերահսկողության իրականացման ժամկետին, մասնավորապես՝ ժամկետը 12 ամսով հետաձգելու հնարավորությանը արտադրողի կողմից սերտիֆիկացված արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացի անփոփոխ մնալու վերաբերյալ գրության առկայության դեպքում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նշված որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրացուցային օրը։