Ի գիտություն ԵՄ երկրներ արտահանող կազմակերպությունների տեղեկացնում ենք, որ 2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։
ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:
2009թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):
2014թ. հունվարի 1-ից Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ՝ 978/2012 ԵՄ կանոնակարգի հիման վրա (Regulation (EU) No 978/2012 of the European Parliament and the Council of 25 October 2012) Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում, որից օգտվելու նախապայման է հանդիսանում մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացման ընթացքը:
Նշված ԵՄ կանոնակարգում ամրագրված դրույթների համաձայն՝ երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային Բանկի կողմից 3 հաջորդական տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր եկամուտ կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն։ Միևնույն ժամանակ, համաձայն կանոնակարգի, երկրին տրվում է 1 տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում երկիրը շարունակում է օգտվել արտոնյալ առևտրային ռեժիմից:
Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն՝ ՀՆԱ մեկ շնչի հաշվով։ 2021թ․Հայաստանն օգտվել է անցումային ժամանակահատվածից, և 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։
Հետևաբար, 2022թ. հունվարի 1-ից ԵՄ երկրներ արտահանումներ իրականացնելիս չի կիրառվելու նաև ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում գործող ապրանքների ծագման հավաստագրման «Գրանցված արտահանողների համակարգը» (REX)։
Ի հավելումն, ներկայացնում ենք համառոտ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունից արտահանվող հայկական ծագում ունեցող ապրանքների համար տրամադրվող առևտրային այլ ռեժիմների վերաբերյալ։
Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP) օգտվելու հնարավորություն են տրամադրում որոշ զարգացած երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան և Նորվեգիան:
Կանադայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի ապրանքների ցանկն իր մեջ ներառում է գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ, որոնց հանդեպ զարգացող երկրներին տրամադրվում է մրցակցային առավելություն: Այդ ցանկում են նաև մի շարք զգայուն ապրանքներ, որոնց թվում են՝ տեքստիլի որոշ տեսակներ, կոշկեղեն, քիմիական և մի շարք արդյունաբերական ոլորտների արտադրանք։ Մանրամասները հղումով։
Ճապոնիան տրամադրում է Արտոնությունների ընդհանրացված համակարգ գյուղատնտեսական մի շարք ապրանքների և ձկնամթերքի համար (337 ապրանքներ) և արդյունաբերական արտադրանքի առանձին տեսակների համար (3141 ապրանք)։ Բոլոր արդյունաբերական ապրանքները հիմնականում օգտվում են զրոյական մաքսատուրքի կիրառման արտոնությունից՝ մանրամասները հղումով։
Նորվեգիայի կողմից GSP-ի շրջանակներում գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքների համար կիրառվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ։ Տեքստիլ արտադրանքի համար միջին մաքսատուրքի դրույքաչափը տատանվում է 5-15%։ Նորվեգիայի GSP ցանկում կան նաև որոշ ապրանքների մասով բացառություններ՝ մանրամասները հղումով։
Շվեյցարիայի կողմից տրամադրվող GSP տարածվում է գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքների վրա և մի շարք գյուղատնտեսության ապրանքների։ Որոշ արդյունաբերական արտադրանք Հայաստանից Շվեյցարիա արտահանվում է առանց մաքսատուրքի դրույքաչափի կիրառման, բացառությամբ տեքստիլ արտադրանքի և հագուստի, որոնց համար գործում է արտոնյալ զեղչ՝ սովորական դրույքաչափի 50%-ի չափով, որոշ այլ ապրանքների համար տրվում է որոշակի արտոնյալ զեղչ՝ մանրամասները հղումով:
ԱՄՆ-ի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի ապրանքների ցանկում ներառվում են մի շարք քիմիական նյութեր, հանքանյութեր, ոսկերչական արտադրանք, գորգերի որոշ տեսակներ, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքներ և ձկնամթերք՝ մանրամասները հղում 1, հղում 2։
Հայաստանն ունի ազատ առևտրի ռեժիմ նաև Ուկրաինայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Մոլդովայի և Վրաստանի հետ: Նշված երկրների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ազատ առևտրի ռեժիմից հանումներ չի կիրառում, միաժամանակ Ազատ առևտրի համաձայնագրի մասնակից պետությունները հայկական ապրանքների նկատմամբ չեն կիրառում որևէ հանում: