ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ապրիլի 9-ին այցելել է Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում գործող կահույքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Nor Projects» ընկերություն։
«Nor Projects» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին։ Արտադրանքն արտահանվում է առավել քան 25 երկրներ։ Ընկերությունը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող Henderson, Geox, Carpisa, Mango և այլ բրենդների հետ։
Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Սուրեն Բարսեղյանի ուղեկցությամբ Էդգար Զաքարյանը շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել ընկերության գործունեությանը, ներդրված սարքավորումներին և առաջիկա ծրագրերին։
Արտադրության արդիականացման և ընդլայնման նպատակով ընկերությունն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից, լիզինգի պետական աջակցության, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումից։
Շրջայցի ընթացքում քննարկվել են Հայաստանում կահույքագործության ոլորտի զարգացման հեռանկարները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։