ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված տոհմային տնտեսությունների կառավարման և տոհմային հաշվառման թվային համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների պլանավորմանը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի գենետիկ անասնաբույծների» ասոցացիայի և CARD հիմնադրամի համատեղ ջանքերով նախատեսվում է ներդնել տոհմային ֆերմաների կառավարման և տոհմային հաշվառման թվային (PAS) համակարգ, որը հնարավորություն կստեղծի կատարել տոհմային կենդանիների անհատական հաշվառում, վերահսկել կենդանիների վերարտադրությունը, կաթնատվությունը և առողջությունը՝ հիմնվելով միջազգային ստանդարտների վրա, ավտոմատացնել տոհմային գնահատման (բոնիտավորման), սերտիֆիկացման և հաշվետվությունների ներկայացման գործընթացները՝ ստեղծելով ճշգրիտ տվյալների հիմք:
Համակարգի ներդրման հիմքում կօգտագործվի ավստրիական փորձը, ինչն ապահովում է կիրառվող լուծումների համապատասխանությունը միջազգային լավագույն չափանիշներին։
Նախատեսվում է Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից ֆինանսավորվող և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Կենդանիների համարակալման և հաշվառման» համապետական ծրագիրն ամբողջացնել՝ տոհմային կենդանիների անհատական տվյալների թվայնացմամբ։
Ներդրվող համակարգը նպատակ ունի Հայաստանում ձևավորել ժամանակակից, տվյալահեն և մրցունակ տոհմային անասնաբուծություն։
Հանդիպմանը մասնակցում էին «Հայաստանի գենետիկ անասնաբույծների» ասոցիացիայի, ՀՀ անասնաբույժների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները, CARD հիմնադրամի, Ավստրիական զարգացման գործակալության, Համակարգի ծրագրավորողների թիմի ներկայացուցիչներ: