ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (Mouvement des Entreprises de France, MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։
Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է բիզնեսների թվային հասունության բարելավման, նորարարության և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև հայկական ծագման ապրանքների նկատմամբ առավել բարձր պահանջարկ և արտահանման ներուժ ունեցող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։
Նախարար Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է MEDEF-ի անդամ ֆրանսիական ընկերությունների կոնկրետ ներգրավմամբ քննարկել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ներդրումների, տեխնոլոգիական գործընկերության և առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությունները։
Հանդիպման շրջանակում ներկայացվել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ներդրումային քաղաքականության հայեցակարգը, Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, ինչպես նաև ներդրումների ներգրավման տեսանկյունից առավել գրավիչ ոլորտները։