ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 29-ին կայացել է ոչխարաբուծության և տավարաբուծության ոլորտների զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։
Հանդիպմանը մասնակցել են տվյալ ոլորտներում արտադրական գործունեություն իրականացնող տնտեսավարողներ, հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների, գիտական և ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են անասնաբուծության ոլորտի զարգացմանը վերաբերող հիմնարար հարցեր, ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները անասնաբուծության ոլորտի արդյունավետության բարձրացման, արտադրական ներուժի առավել արդյունավետ օգտագործման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում նաև ներկայացվել են անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, դրանց պայմաններն ու հիմնական բաղադրիչները: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրերի ընթացակարգերի վերաբերյալ։