ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը նոյեմբերի 13-ին մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Առևտրի միջազգային կենտրոնի կողմից մեկնարկած «Հզորացնելով առևտուրն ու մրցունակությունը Արևելյան գործընկերության երկրներում» համատեղ ծրագրի պաշտոնական մեկնարկին։
«Առևտրի խթանումը միայն արդյունավետության մասին չէ․ այն վերաբերում է ՓՄՁ-ների համար նոր հնարավորությունների ստեղծմանը, մեր կառույցների և համակարգերի նկատմամբ վստահության ամրապնդմանը և հայկական բիզնեսի գլոբալ մրցունակության բարձրացմանը։ Ծրագիրը կաջակցի կայուն քաղաքականության մշակմանը, թվայնացման խթանմանը և ՓՄՁ-ներին միջազգայնացմանը»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը:
Բացմանը ներկա է եղել և ելույթով հանդես եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներում տնտեսական մրցունակության և գործարար միջավայրի ապահովմանն ուղղված բարեփոխումներին։
Ծրագրի նախնական փուլում նախատեսվում է մեկնարկել 2025 - 2026թթ. Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների մրցունակության հեռանկարի առաջին գնահատումը։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից։
Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը հաջորդել է Առևտրի խթանման վերաբերյալ համաժողովը։