ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի մասնակցությամբ հոկտեմբերի 6-ին կայացել է «Արդշինբանկ» և «ContourGlobal» ընկերությունների միջև համագործակցության պայմանագրերի պաշտոնական ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության գլխավոր տնօրեն Ալվինա Աբաջյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը։
Հուշագրի ստորագրումը նշանավորում է «ContourGlobal»-ի կողմից Հայաստանում գտնվող երեք հիդրոէլեկտրակայանների պորտֆելի 135 միլիոն ԱՄՆ դոլարի վերաֆինանսավորման բարեհաջող ավարտը։
Ողջունելով այս կարևոր նախաձեռնությունը՝ նախարար Պապոյանը նշել է, որ այս գործարքը վկայում է ամերիկյան ներդրումների երկարաժամկետ և կայուն ներկայության մասին Հայաստանում, ինչպես նաև փաստում է, որ Որոտանի Հիդրո Կասկադը հանդես է գալիս որպես էներգետիկ անվտանգության ապահովիչ։
«Այս գործարքը նաև ցույց է տալիս մեր տեղական ֆինանսական համակարգի հասունացումը։ Այն, որ Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, կարողանում է իրականացնել 135 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում նման ռազմավարական նախագծի համար, խոսում է մեր բանկային հատվածի հզորացման, միջազգային չափանիշներին համապատասխանելու և խոշոր ներդրողներին սպասարկելու ունակության մասին։ Սա մի ուղերձ է, որ Հայաստանը ոչ միայն բաց է ներդրումների համար, այլև ունի ամուր տեղական գործընկերներ, որոնք կարող են աջակցել դրանց իրականացմանը» - ընդգծել է Գևորգ Պապոյանը։
Գործարքից ստացված միջոցները ուղղվելու են առկա պարտավորությունների վերաֆինանսավորմանը և կապիտալի կառուցվածքի օպտիմալացմանը՝ նպատակ ունենալով բարձրացնել Որոտանի Հիդրո Կասկադի (404 ՄՎտ) գործառնական արդյունավետությունը, որը կազմում է երկրի լոկալ արտադրական հզորության մոտ 12%-ը։