ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հոկտեմբերի 3-ին կայացել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությունը։
Ֆորումի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ներդրումների ներգրավում և պաշտպանություն․ իրավական դաշտ և ներդրումային միջավայր» թեմայով պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով։
Նախարարը նշել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի առաջատար փորձագետների կողմից մշակվել է ներդրումների մասին նոր օրենք․ «Տեղացի և օտարերկրյա ներդրողների ներդրումային գործունեության պաշտպանությունը բարձր մակարդակի ենք հասցնելու։ Բացի այդ, այս օրենքն ամրապնդելու է ներդրումների պաշտպանության բաց դռների մեր քաղաքականությունը»։
Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը կարևոր քաղաքական հանձնառություններից է և այդ նպատակով աշխատանքներ են իրականացնում երկու հիմնական ուղղություններով․«Առաջինը՝ ինստիտուցիոնալ աշխատանքն է․ շարունակաբար հետևում ենք տարբեր միջազգային վարկանիշներում և ինդեքսներում մեր դիրքին՝ միևնույն ժամանակ իրականացնելով տարբեր ուսումնասիրություններ՝ բացահայտելու մեր թերացումները և այդ բացերի հիման վրա կատարելագործելու օրենսդրությունը։ Իսկ երկրորդը՝ այսպես ասած ոչ ինստիտուցիոնալ, բայց կոնկրետ և ճկուն լուծումներն են․ երբ առանձին ներդրումային ծրագրերի շրջանակում առաջացող խնդիրները լուծելու նպատակով ձեռնարկում ենք համապատասխան քայլեր»։
Ֆորումի ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի միջև՝ ի դեմս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Ջհանյանի։
Հուշագրի նպատակն է համատեղ ջանքերի շնորհիվ նպաստել հանքարդյունաբերության և մետալուրգիական ոլորտների շարունակական կայունացմանը և զարգացմանը։
Երկօրյա ֆորումին մասնակցում են ՀՀ կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնագետներ, ներդրողներ, փորձագետներ և այլն: