ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։
Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման նպատակով:
Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է օգնել առաջնահերթ ոլորտները և պոտենցիալ ներդրումային գործընկերներին բացահայտելու հարցում: «Մենք նաև առաջարկում ենք ամրապնդել երկկողմանի ներգրավվածությունը՝ գործարար պատվիրակությունների փոխադարձ այցելությունների և հիմնական ոլորտներում փորձագիտական մակարդակի շփումների միջոցով», - նշել է նախարարը։
Նախարար Պապոյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։