ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 11-ին մասնակցել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ընկերությունն ապագա ներդրողներին ներկայացրել է Կայուն զարգացման պարտատոմսերի թողարկման մանրամասները, բիզնեսի շարունակական ընդլայնմանն ուղղված իրենց ծրագրերը։
Ընկերությունը թողարկել է դոլարային և դրամային պարտատոմսեր ընդհանուր 75 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։
Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանի Կառավարությունը հետևողականորեն կարևորում է կապիտալի շուկայի դերը երկրի տնտեսության զարգացման և նորարարական մոտեցումների ներդրման գործում․ «Այս ուղղությամբ մենք իրականացնում ենք մի շարք նախաձեռնություններ՝ նպաստելով կապիտալի շուկայի ընդլայնմանը, ներդրողների վստահության բարձրացմանն ու ֆինանսական գործիքների բազմազանեցմանը»։
Նախարարը նաև ներկայացրել է «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը», որի շրջանակներում ֆինանսական աջակցություն է տրամադրում այն ընկերություններին, որոնք թողարկում են պարտատոմսեր կամ բաժնետոմսեր կամ ստանում վարկանիշ միջազգային վարկանիշավորող կազմակերպությունների կողմից։
Միջոցառմանը ներկա էին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գաստյանը, պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների, ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Team Telecom Armenia»-ի գործընկերները, բաժնետերերն ու թիմակիցները։