Նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։
«Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում:
Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնություններին ու առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
Նախարարն անդրադարձել է կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, վերջերս ընդունված կորպորատիվ կառավարման կանոնագրքին, որը կխթանի ընկերությունների թափանցիկ աշխատանքն ու հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավելու։
Քննարկվել են նաև Հայաստանում ձևավորված ներդրումային միջավայրի բարելավմանը և քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկուստեք ավելացնել ջանքերը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, ֆոնդի կողմից տնտեսության իրական հատվածում ներդրումների ավելացման և կապիտալի շուկայի զարգացման։