Սեպտեմբերի 2-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ, շրջել են համալսարանի տարածքում և ծանոթացել նոր ուսումնական տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին։
Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արման Խոջոյանը հանդես է եկել նաև շնորհավորական ուղերձով։
«Գյուղատնտեսության ոլորտում գիտելիք ձեռք բերելու Ձեր որոշումը ոչ միայն նշանակալից իրադարձություն է Ձեր անձնական զարգացման համար, այլև կարևոր նախապայման է մեր հասարակության բարեկեցության ամրապնդման և զարգացման տեսանկյունից։ Ընդունեք այս մարտահրավերը մեծ խանդավառությամբ, հետաքրքրասիրությամբ և պատասխանատվության զգացումով։ Հիշեք, որ ակադեմիական ճանապարհորդությունը նաև Ձեր անձնական աճի և ինքնաբացահայտման ուղին է։ Մի սահմանափակեք Ձեր միտքն ու գաղափարները, թողեք, որ դրանք դառնան իրականություն»։
Նախարարի տեղակալը նաև ընգծել է, որ 194 երկիր անդամակցում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը, և այսօր կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի մասնակցությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված միջոցառմանը մեծ պատիվ է բոլոր մասնակիցների համար։