ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շնորհավորում է բոլորին Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Այս օրն առանձնացնելով՝ ընդգծում ենք սպառողների շահերի պաշտպանության, արդար առևտրի ապահովման և քաղաքացիների իրազեկվածության խթանման կարևորությունը: Այսօրվա դինամիկ և զարգացող շուկայում սպառողները առանցքային դեր են խաղում տնտեսական աճի և գործարար համայնքի ձևավորման գործում։
Թափանցիկ, մրցակցային շուկան խթանում է նորարարությունն ու արդյունավետությունը՝ միաժամանակ սպառողներին տրամադրելով ընտրության և արժեքի լայն շրջանակ: Ավելին, սպառողները գործարարներին մղում են ավելի արդյունավետ աշխատանքի, բազամազանության և ընտրության լայն շրջանակ ապահովելուն, որպեսզի կարողանան բավարարել իրենց կարիքները:
Էկոնոմիկայի նախարարությունն իր հանձնառությունն է վերահաստատում՝ պաշտպանելու սպառողների իրավունքները և խթանելու թափանցիկ և մրցակցային շուկայական միջավայրը։