Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 24-ին ընդունել է կորեական խոշորագույն «SK Group» հոլդինգի մաս կազմող «SK Ecoplant» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պակ Կյուն-իլի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների և կեղտաջրերի հեռացման կառավարման, Էլեկտրական մեքենաների մարտկոցների և պլաստիկի վերամշակման, քամու և արևային էներգիայի արտադրության ուղղությամբ։
Ռաֆայել Գևորգյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու միջազգային տարբեր կառույցների հետ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և հավելել, որ հրավիրում է կորեական կողմին համագործակցել այս նախագծի շրջանակում նախատեսվող շինարարական աշխատանքներում։