2023թ․ հոկտեմբերի 17-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրոպական Միություն կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը:
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:
Ներկայացվել և քննարկվել են նաև Համաձայնագրի հոդված 237-ով ամրագրված՝ «Կոնյակ» աշխարհագրական նշման վերաբերյալ դրույթների իրականացման և «Հայկական կոնյակ»-ի վերաբրենդավորման գործընթացին առնչվող հարցեր ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները:
Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի ներքո գործող՝ Աշխարհագրական նշումների և Մաքսային հարցերով ենթակոմիտեների նիստերի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները։
Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Միջոցառման ավարտին հաստատվել են նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները: