Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության զարգացման ծրագրերին և արտադրական գործընթացին։ Նախարարին ուղեկցում էր նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Այցի ընթացքում Վահան Քերոբյանը զրուցել է ընկերության ղեկավարության հետ, շրջել է արտադրամասերով, ծանոթացել շոկոլադի արտադրության շղթայի փուլերին և իրականցվող ներդրումային ծրագրերին։ Հունվարին նախատեսվում է գործարկել դանիական արտադրության ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր արտադրամասը, որում արտադրվելու է ժամում մոտ 900 կգ շոկոլադ։
Ընկերությունն օգտվել է նաև նախարարության կողմից իրականացվող Տնտեսության արդիականացման ծրագրից և գյուղատնտեսական հումքի մթերումների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից:
Ընկերության արտադրանքի արտահանման ծավալն այս տարվա ընթացքում աճել է մոտ 3 անգամ, իսկ իրացումը ներքին շուկայում ավելացել է շուրջ 20%-ով։
Վահան Քերոբյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ Կառավարությունը մեծապես կարևորում է տեղական արտադրության զարգացումը Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացման գործում և այդ նպատակով մշակվել և գործում են պետական աջակցության տարբեր մեխանիզմներ, որոնք միտված են նպաստել ընկերությունների արդիականացմանը, արտադրողականության ու մրցունակության բարձրացմանը։
Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև ընկերության արտադրության ընդլայնման և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման հնարավորությունները, ընկերության ներդրումային նոր նախագծերը և մի շարք այլ հարցեր։