ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 1-ին և 2-ին աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում։
Այցի առաջին օրը նախարարը հանդիպումներ է ունեցել Բելառուսի փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև նշվել է, որ ընթացիկ տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալը կրկնակի ավելացել է։
Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը. «Հայաստանի բոլոր սուպերմարկետներում կան բելառուսական տարբեր ընկերությունների արտադրանքներ։ Իհարկե, մենք ցանկանում ենք ավելի շատ բելառուսական ապրանքներ տեսնել մեր շուկայում, բայց մեզ համար կարևոր է նաև սեփական ընկերությունների զարգացումը», - նշել է նախարարը։
Բելառուսի գյուղատնտեսության նախարար Իգոր Բրիլոյի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գյուղոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է նաև բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում՝ «Մինսկի տրակտորի գործարան» - «ՄՏԶ Հոլդինգ»-ի և «Մինկս Կրիստալ» գործունեությանը։
Դեկտեմբերի 2-ին նախարարն այցելել է «Հորիզոն» նորարարական կենտրոն, Մինսկի անտառտնտեսության որսորդական համալիր, անտառային սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կենտրոն։