Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման վերաբերյալ քննարկում իրականացնելու նպատակով։
Հանդիպմանը ներկա էին Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, հանրապետության տարբեր բուհերի ղեկավար կազմի ներկայացուցչներ, նախարարության աշխատակիցներ։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության ձևը, փոխհատուցման չափերն ու ժամկետները, լրացուցիչ այլ պայմաններ։
Ներկաների կողմից բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերում էին ներգրավված մասնագետի հետ պայմանագրային հարաբերություններին, դրույքաչափի հետ կապված սահմանափակումների առկայությանը, ծրագրին դիմելու պայմաններին և ժամկետներին։
Ծրագիրը մշակվել է Հայաստանի ներդրումային խորհրդի աջակցությամբ և իրականացվելու է Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի կողմից։