Հոկտեմբերի 19-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը:
Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետները, ՓՄՁ խորհրդի անդամները, հրավիրյալներ պետական տարբեր գերատեսչություններից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, Պետական եկամուտների կոմիտեից, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ–ից (USAID)։
Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են 2022 թ․ սեպտեմբեր ամսին ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակավայրերի աջակցության երկու միջոցառումները, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում զբոսաշրջության խթանման հնարավոր միջոցառումները։
Օրակարգային թեմաների թվում էր նաև Աշխատանքային օրենսգրքում հեռավար և համակցված հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորման նպատակով ՀՀ աշխատանքային օրենսգրքի առաջարկվող բարեփոխումները։
Նիստի ընթացքում քննարկվել է նաև առևտրի իրականացման վայրերի ու առևտրի կենտրոնների կազմակերպիչների և դրանցում գործունեություն ծավալող վաճառողների միջև հարաբերությունների, մասնավորապես պայմանագրային հարաբերություններում ի հայտ եկող խնդիրների կարգավորումներին առնչվող հարցեր։
Վերոնշյալ հարցերն առավել խորը և բազմակողմանի դիտարկելու նպատակով նիստի ընթացքում որոշվել է շարունակել քննարկումները։