ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 7-ին կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։
Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալները, ինչպես նաև Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչներ։
Նիստի օրակարգում ընդգրկված էր հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առկա ծրագրերի կատարման ընթացքի և հեռանկարների, երկկողմ համագործակցության ընլայնման ուղղությամբ հետագա քայլերի քննարկում՝ տևական և կայուն տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և էներգետիկայի, մասնագիտական կրթության, բարձր տեխնոլոգիաների, ՓՄՁ-ներին աջակցության և մի շարք այլ ոլորտներում:
Քննարկվել են ՀՀ Կառավարության առաջնահերթություններն ու ռազմավարությունները մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացման ոլորտներում, պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցության հետագա հնարավորությունները, գյուղապահովագրության իրականացման ընթացքում տրամադրվող աջակցությանը, կլիմակայուն գյուղատնտեսության զարգացմանը․ Հայաստանում արկածային զբոսաշրջության դիվերսիֆիկացմանը վերաբերող մի շարք հարցեր։