ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը սեպտեմբերի 8-ին այցելել են Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր՝ ծանոթանալու «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման խոշոր ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին։
«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության սեփականատեր Տիգրան Հարությունյանի և տնօրեն Մհեր Բաղդասարյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է ընթացիկ շինարարական աշխատանքներին, ժամանցային կենտրոնների և ճոպանուղու կայանների կառուցմանը։
Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարները տեղեկացրել են, որ մինչև ընթացիկ տարվա ավարտն արդեն իսկ նախատեսվում է գործարկել կառուցվող ճոպանուղիներից մեկը:
Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը և մարզի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը նախատեսում է ներդնել շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Այն կատարելու է ներդրում ճոպանուղու, սահուղիների, արհեստական ձնագոյացման համակարգի, գլխավոր հատակագծի և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) կառուցման համար:
«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի ենթակառուցվածքները նախատեսված են տարվա բոլոր եղանակներին ակտիվ գործունեության համար: Համալիրն իր շուրջը կհամախմբի զբոսաշրջիկների ու ակտիվ ժամանցի սիրահարների ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից: