Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նաուֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը՝ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը ընդգծել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ հանրապետությունում իրականացված և ընթացիկ ծրագրերի կարևորությունը։
Նախարարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը, գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության մեխանիզմներն ու նախատեսվող բարեփոխումները, որոնք ուղղված են արտադրողականության ու գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Վահան Քերոբյանն իր խոսքում հատկապես կարևորել է հողերի միավորման (կոնսոլիդացիայի) ծրագիրը, որը միտված է նպաստել հողերի նպատակային օգտագործմանը և արդյունավետ կառավարմանը, գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը։
Ոլորտում իրականացվող կարևորագույն բարեփոխումների թվում նախարարը նշել է նաև ոռոգման համակարգերի արդիականացումը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի թվայնացումը։
Նախարարը նաև նշել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում գյուղատնտեսության ոլորտի գրավչության բարձրացման և դեպի ոլորտ երիտասարդների ներգրավման համար։
Այնուհետև համառոտ քննարկվել են ընթացիկ ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացման ուղղված հնարավոր քայլերը, ինչպես նաև նախանշել նոր ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները: