ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն օգոստոսի 17-ին այցելել է «Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։
Գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ Արմեն Արզումանյանը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին, արտադրության պայմաններին և կարողություններին, զարգացման միտումներին։ Ներկայացվել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, զարգացման տեսլականը, իրականացված և նախատեսվող ծրագրերը, արտադրության ընդլայնման հնարավորությունները։
Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության արտադրական ներուժը և զարգացման հնարավորությունները, նախաձեռնվող աշխատանքները, ինչպես նաև արտահանումների և դրանց հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) դադարեցման պայմաններում գործարանի արտադրանքի դեպի ԵՄ, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից հակագնագցման տուրքի կիրառման արդյունքում դեպի ԱՄՆ արտադրանքի արտահանմանն առնչվող հարցերը։
Կարևորվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ոչ շուկայական տնտեսության կարգավիճակի վերանայման ուղղությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից տարվող աշխատանքները։
Այցի ընթացքում Արմեն Արզումանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործարանի արտադրողականության զարգացման, կարողությունների հզորացման, ինչպես նաև նոր արտադրատեսակների արտադրության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։