ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Տաշքենդում կայացած «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում մասնակցել է Ուզբեկստանի տեքստիլ համաժողովին` «Uzbekistan Textile Conference»(UTC):
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի տեքստիլ ոլորտի գործարար շրջանակների և ասոցիացիաների ներկայացուցիչների հետ։
Համաժողովի շրջանակներում Ուզտեքստիլպրոմ (Узтекстильпром) ասոցիացիայի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները և պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել այդ ուղղությամբ աշխատանքների իրագործումը։ Ասոցիացիայի տնօրենը հրավիրվել է Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու և կապեր հաստատելու համար։
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտի գործարարների համար ֆինանսական աջակցության մեխանիզմներ գտնելու տարբերակները, ինչը կարող է նպաստել Հայաստանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառության ավելացմանը։
Ուզբեկստանի արտահանման խթանման գործակալության տնօրենի և «Ուզբեկտրեյդ» պետական ընկերության ներկայացուցիչների հետ հետ հանդիպման ժամանակ նույնպես քննարկվել են համագործակցության հնարավորությունները։
Հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցել երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի հաստատման, կոնտակտների և տեղեկատվության փոխանցման հարցերում: