ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 22-ին խոշոր տեքստիլ ընկերությունների ղեկավարներին ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։
Քննարկման հիմնական զեկուցողն էր տեքստիլ արդյունաբերության ոլորտի ռազմավարական զարգացման գծով գլխավոր խորհրդատու Տիգրան Ջրբաշյանը։ Նա էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի թիմի հետ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հանգամանալից վերլուծություն և գործողությունների ծրագիր։
Երկամսյա պետական տեսչական ստուգումների արդյունքում բացահայտվել են հայ արտադրողների թույլ և ուժեղ կողմերը։ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտի խոշոր ձեռնարկությունների թիվը ներկայումս ավելի քան 30 է։ Ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակվել է ընկերություններում կատարված ուսումնասիրությունների, անհատական խորհրդատվությունների, ինչպես նաև ոլորտի փորձագետների հետ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքների հիման վրա:
Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ շուտով Հայաստանը կկարողանա մրցակցել այլ երկրների հետ, իսկ մրցավազքում առաջ անցնել հնարավոր կլինի միայն հնգամյա ծրագրով նախանշված քայլերի իրականացման շնորհիվ։
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է միջոցներ հատկացնել միջազգային ցուցահանդեսներին տեղական բրենդերի և ձեռնարկությունների մասնակցության համար։ Բացի այդ, կհատկացվեն կրթաթոշակներ՝ տեքստիլի ոլորտում աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար։ Ծրագրի կետերից է նաև փոխգործակցությունը միջազգային կառույցների հետ։ Նախատեսվում է Հայաստանում բացել առաջատար կրթական կենտրոնների մասնաճյուղեր։
Ներկայումս տեքստիլ արդյունաբերության ոլորտում ներգրավված է ավելի քան 8,4 հազար աշխատող։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում կանխատեսվում է աշխատատեղերի թվի ավելացում, զգալիորեն կբարձրանա նաև արտադրողականությունը։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: