ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականին մեկնարկել է «Made in Armenia» նախագիծը, որի նպատակն է հանրության լայն շրջանակներին իրազեկել հայկական արտադրության մասին և ներկայացնելով որակյալ ու մրցունակ Made in Armenia ապրանքատեսակները կամ ծառայությունները` բարձրացնել հայկական արտադրանքի վարկանիշը:
Նախագծի արդյունքում ակնկալվում է, որ հայկական արտադրության մասին ավելի լայն իրազեկվածությունը կնպաստի տեղական արտադրողների վաճառքի ծավալների ավելացմանը։
Այս նպատակով իրազեկման արշավին զուգահեռ աշխատանքներ են իրականացվում սուպերմարկետների ցանցերի և խանութների հետ, որպեսզի հայկական արտադրության ապրանքներն ունենան ուշադրություն գրավող ցուցանակներ, որոնց միջոցով սպառողը կարող է ավելի հեշտ գտնել հայկական ապրանքները խանութների դարակաշարերում։
Այս պահի դրությամբ նախագծին միացել են երկու սուպերմարկետի ցանցեր, սննդի և հագուստի խանութներ։
«Մեր գործընկերները սիրով են միացել արտադրողին աջակցելու մեր այս նախաձեռնությանը։Հուսով եմ՝ սա լավ օրինակ կծառայի մյուս սուպերմարկետների ցանցերի և խանութների համար, և նրանք նույնպես կմիանան այս նախաձեռնությանը։Կարծում եմ բոլորիս պետք է համախմբի այն գաղափարը, որ ամուր պետության հիմքում կայուն տնտեսությունն է, իսկ տնտեսության հիմքում` զարգացած տեղական արտադրությունը», - նշել է ծրագրի համակարգող Գայանե Անտոնյանը։
Առաջիկայում ակտիվ աշխատանքներ են տարվելու «Made in Armenia» ցուցանակները հնարավորինս շատ խանութներում տեղադրելու ուղղությամբ։