Ապրիլի 13-ին նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այցելել է «Creative group» ընկերություն:
Ընկերության տնօրեն և հիմնադիր Արմինե Բաբայանը ներկայացրել է ընկերության գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Ընկերությունը զբաղվում է անկողնային պարագաների արտադրությամբ` հումք ներկրելով արտերկրից և տեղում կարելով անկողնային հավաքածուներ, սրբիչներ, խալաթներ: Հումքը հիմնականում ներկրվում է Ռուսաստանից, Ուզբեկստանից, Իրանից, Թուրքիայից:
Նախարարի տեղակալը եղել է ընկերության արտադրական տարածքում, որտեղ իրականացվում են աշխատանքներ դիզայնից մինչև կար և փաթեթավորում:
Ընկերության տնօրենը մանրամասն ներկայացրել է իրենց արտադրատեսակները` նշելով, որ համագործակցում են հայկական հյուրանոցների և սուպերմարկետների հետ` մատակարարելով պատրաստի արտադրանք, ինչպես նաև զբաղվում են արտահանմամբ:
Արմինե Բաբայանը ներկայացրել է արտադրությունն ընդլայնելու, աշխատատեղեր ավելացնելու և նոր ներդրումներ ներգրավելու իրենց ծրագրերը:
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայումս աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տեքստիլ ոլորտի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ։ Նա նաև ներկայացրել է պետական աջակցության գործիքակազմը և առաջարկել օգտվել ընձեռվող հնարավորություններից:
«Creativе group» ընկերության տօրեն Արմինե Բաբայանը նշել է, որ առաջիկայում մտադրություն ունեն ընդլայնելու արտահանումը և կարևորել է Made in Armenia անվան տակ որակյալ և մրցունակ «Creativе group» ապրանքանիշով արտադրանքի տարածումը: