Ապրիլի 13-ին նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այցելել է Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ։
Քոլեջի տնօրեն Արտակ Սարգսյանի և փոխտնօրեն Արայիկ Պողոսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է քոլեջի տարածքով, ծանոթացել հագուստի մոդելավորման և նախագծման աշխատանքներին, առկա սարքավորումներին, ուսանողների ստեղծագործություններին։
Այնուհետև քննարկվել են քոլեջի զարգացման հնարավորությունները և առկա խնդիրները։ Անդրադարձ է արվել ուսուցման գործընթացին և ուսումնամեթոդական բազային (սարքավորումներ, ծրագրեր), քննարկվել է վերապատրաստումների, նաև տարբեր մասնագիտությունների գծով կարճաժամկետ դասընթացների կազմակերպման հնարավորությունը։
Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը պատրաստում է միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներ` հագուստի մոդելավորում և նախագծում, հագուստի պատրաստման տեխնոլոգիա, դիզայն, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, հաշվապահական հաշվառում, ապահովագրական գործ, սպասարկման կազմակերպում, գործավարություն մասնագիտություններով։
Նախարարի տեղակալը կարևորել է կրթություն-գիտություն-տնտեսություն կապի ապահովումը, ուսումնական հաստատությունների և գործատուի միջև համագործակցությունը, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը՝ նշելով, որ աշխատանքներ են իրականացվում տեքստիլ ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ։
Քոլեջի ղեկավարությունը գոհունակությամբ նշել է, որ իրենց շրջանավարտներից շատերն այսօր աշխատում են Հայաստանի խոշոր տեքստիլ գործարաններում:
Կողմերը համակարծիք են եղել, որ պետք է բարձրացնել միջին մասնագիտական կրթության դերը, ներդնել և ընդլայնել դուալ կրթական համակարգը` գործատուների ակտիվ ներգրավմամբ, հնարավորություն ընձեռել ուսանողներին՝ տեսական կրթությանը զուգահեռ ձեռք բերել նաև պրակտիկ հմտություններ ու կարողություններ՝ աշխատելով գործատուների մոտ, հետագայում նաև աշխատանքի տեղավորվելու ակնկալիքով։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել օժանդակել քոլեջի կրթական ծրագրերի և առկա սարքավորումների արդիականացմանը` դրանք համապատասխանեցնելու համար աշխատաշուկայի արդի պահանջներին, գործատուների և ուսանողների սպասելիքներին: