ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը մարտի 18-ին Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այցելել են «Էյ ԲԻ ՍԻ» և «ԱՆԻԹԵՔՍ» ընկերություններ։ Այցի ընթացքում նրանց ուղեկցում էին նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը։
Ընկերությունները ստեղծվել են 2019 թվականին, այստեղ արտադրվում է բարձրորակ տեքստիլ արտադրանք՝ սրբիչներ, անկողնային պարագաներ։ Արտադրամասերը հագեցած են գերժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել արտադրության ամբողջական շղթա։ Արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է, հիմնականում՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԱՄՆ։ Ընկերությունները ակտիվորեն համագործակցում են հանրաճանաչ բրենդերի հետ։
«Էյ ԲԻ ՍԻ» ՍՊԸ, «ԱՆԻԹԵՔՍ» ՍՊԸ Խորհրդի նախագահ Պետեր Նազարյանի և գլխավոր տնօրեն Գուրգեն Օհանյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը շրջել է ընկերությունների արտադրամասերում, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին։
Շրջայցի ընթացքում նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից կարող են օգտվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունները։
Քննարկվել են տեքստիլ ոլորտում առկա խնդիրները, անդրադարձ է եղել հարկային դաշտի բարելավման, մասնագետների վերապատրաստման ու դեպի տեքտիլ ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման կարևորությանը։
«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում: