Հոկտեմբերի 15-ին Վահան Քերոբյանը մասնակցել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության 2020թ․-ի գործունեությունն ամփոփող և գնահատող անկախ սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառմանը։
Վահան Քերոբյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին նշել է․ «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը Հայաստանում աշխատում է արդեն 25 տարի։ Այդ 25 տարիների ընթացքում այն ոչ միայն ծավալել է բիզնես գործունեություն, այլ նաև մեծ մասնակցություն է ունեցել Հայաստանի գործարար միջավայրի ձևավորմանը՝ ներդնելով առաջնակարգ չափանիշներ առևտրի, դիստրիբուցիայի, ապրանքի ստանդարտների և ընդհանուր բիզնես մտածելակերպի մեջ։ Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի կողմից նմանատիպ լայնածավալ սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտությունների իրականացումը։ Դրանք կարող են օգտակար լինել կառավարությանը՝ ավելի թիրախային սոցիալ-տնտեսական հայեցակարգերի մշակման գործում։ Սա ողջունելի նախաձեռնություն է և կարող է լավ հիմք ստեղծել Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող մյուս խոշոր ընկերությունների համար նմանատիպ հետազոտական վերլուծությունների իրականացման համար»։
Վերլուծությունն իրականացվել է՝ պարզելու ընկերության գործունեության ազդեցությունը Հայաստանում՝ հետևյալ հիմնական ոլորտների տեսանկյունից, մասնավորապես՝ համախառն ավելացված արժեքի, աշխատատեղերի ապահովման, ներդրումների, ֆիսկալ ազդեցության, համայքների և սոցիալական զարգացման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության։
Ըստ հետազոտության «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» տեղական արտադրանքն ավելացված արժեք է ստեղծում ընկերության լայնածավալ արժեքային շղթայի յուրաքանչյուր կետում: Ընկերության ստեղծած ամեն 1 դրամ ուղղակի համախառն ավելացված արժեքից Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1.6 դրամ անուղղակի և ածանցյալ ՀԱԱ: Արդյունքում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ընդհանուր ներդրումը Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) 2020 թվականին 18.3 միլիարդ դրամ է եղել, որը կազմել է այդ ընթացքում երկրում գեներացված ընդհանուր համախառն ներքին արդյունքի 0.3%-ը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջե վճարումները կազմել են 5.3 միլիարդ դրամ:
Ընկերությունը մեծ ներդրում ունի աշխատանքի հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։ Այն հայտնի է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լայնածավալ գործունեությամբ: Իր տարեկան եկամտի 2%-ն ընկերությունն ուղղում է համայնքային զարգացման ծրագրերին:
Ըստ ուսումնասիրության, անցած տարի ընկերության բարեգործական նվիրատվությունները կազմել են 75.5 միլիոն դրամ՝ շրջակա միջավայրի պահմանման, երիտասարդների զարգացման ոլորտներում և ՔՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելմանն ուղղված նախաձեռնություններում։