Սեպտեմբերի 14-ին Երևանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը։
Հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայայի գլխավորած պատվիրակությունը։
Հանձնաժողովի համանախագահներն են․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ուկրաինական կողմից՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան։
Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների պաշտոնյաներ, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Դարյա Վոլոդինան և Արտյոմ Դմիտրուկը։
Ողջունելով նիստի մանսակիցներին և շնորհակալություն հայտնելով երկու օրերին ուկրաինական պատվիրակության կատարած աշխատանքի համար՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Միջկառավարական հանձնաժողովի գործադրած ջանքերը լավ հիմքեր կստեղծեն հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար: Կարծում եմ՝ մենք լավ նախադրյալներ ենք ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը էապես բարելավելու համար»:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության և երկօրյա ինտենսիվ աշխատանքի համար՝ Մարինա Լազեբնայան ընդգծել է․ «Այսօրվա ստորագրված արձանագրությունը ճանապարհային քարտեզ կդառնա մեր երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Համավարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամից հետո այս տարվա առաջին կիսամյակում մենք տեսնում ենք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դրական միտումների վերականգնում, և այժմ մեզ համար կարևոր է ապահովել ուկրաինա-հայկական հարաբերությունների երկարաժամկետ կայուն զարգացում մեր երկրների համար առանցքային ոլորտներում»։
Իրենց ելույթներում բանախոսները նախանշել են երկկողմ համագործակցության և անմիջական գործընկերային կապերի հաստատման տեսանկյունից առավել հեռանկարային ոլորտները՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, առևտուր, առողջապահություն, էներգետիկա, տրանսպորտ, դեղագործություն, մետաղագործություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, կրթություն և գիտություն, սոցիալական ոլորտ, միջտարածաշրջանային համագործակցություն, տեղեկատվություն և հաղորդակցություն, մշակույթ, տուրիզմ և սպորտ։
Նիստի ընթացքում կողմերը համակարծիք էին, որ երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունն ունի մեծ ներուժ, և այս ուղղությամբ առաջնահերթ խնդիրներից են առևտրային կապերի ամրապնդումը, հայ-ուկրաինական համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ինչպես նաև գործարար ուղղվածության միջոցառումների կազմակերպումը։
Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։
«Մենք ստորագրել ենք լայնածավալ փաստաթուղթ տարբեր ուղղություններով համագործակցության վերաբերյալ, այդ թվում՝ առևտրատնտեսական, գյուղատնտեսության, կրթության, գիտության, սոցիալական քաղաքականության, թվային փոխակերպման ոլորտներում», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Միջոցառման ընթացքում մեկ այլ փաստաթուղթ՝ հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության մասին հուշագիր, ստորագրել են ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի անդամ Մաքսիմ Օնոպրիենկոն։
Հուշագրով նախատեսվում է հայկական և ուկրաինական ալիքների փոխադարձ հեռարձակում երկու երկրների մալուխային ցանցով։ Վահան Քերոբյանը վստահություն է հայտնել, որ այս հուշագիրը հիանալի հնարավորություն է հայ-ուկրաինական մշակութային կապերն ավելի ամրապնդելու և երկու ազգերի կյանքն ու կենսակերպը միմյանց համար ավելի ճանաչելի դարձնելու համար։
Հայաստանում գտնվելու ընթացքում Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Քննարկվել են գերատեսչությունների միջև համագործակցության ակտիվացման հնարավորությունները։
Տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության վերաբերյալ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի և Ուկրաինայի առևտրաշրջանառությունը 2011-2020 թվականներին տատանվել է 109.8 մլն ԱՄՆ դոլարից 243.5 մլն ԱՄՆ դոլար տիրույթում, այդ թվում՝ արտահանումը 6.2 մլն ԱՄՆ դոլարից մինչև 26.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 101.8 մլն ԱՄՆ դոլարից մինչև 232.4 մլն ԱՄՆ դոլար։
ՀՀ առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 67.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 69.2 մլն.ԱՄՆ դոլար): 2021 թվականի հունվար-հունիսին արտահանումը ՀՀ-ից Ուկրաինա կազմել է 10.38 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.5%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 10.2 մլն. ԱՄՆ դոլար): 2021 թվականի հունվար-հունիսին Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 56.7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.8%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 58.9մլն ԱՄՆ դոլար):
ՀՀ առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ 2020 թվականին կազմել է 148.5 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 13%-ով (2019 թվականին կազմել է 170.77 մլն.ԱՄՆ դոլար): 2020 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ուկրաինա կազմել է 26.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 7.2%-ով (2019 թվականին կազմել է 24.6 մլն ԱՄՆ դոլար): 2020 թվականին Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 122.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 16.4%-ով (2019 թվականին կազմել է 146.2 մլն ԱՄՆ դոլար):