Սեպտեմբերի 6-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հարավային Կովկասում ՀԲ տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։
Նախարար Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Նախարարության՝ ՀԲ-ի հետ համագործակցությունը և ՀԲ-ի աջակցությունը Հայաստանում իրականացված բարեփոխումների իրականացմանը։ Նա ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածում ներառված ծրագրերը և բարեփոխումները, որոնց իրականացման գործընթացում ՀԲ-ը կարող է մասնակցություն ունենալ։
Վահան Քերոբյանն ընդգծել է, որ կառավարության ծրագրի հենասյունային կետը արդյունավետության բարձրացումն է տնտեսության բոլոր ճյուղերում, հետևաբար՝ յուրաքանչյուր նոր նախագիծ և նախաձեռնություն պետք է ուղղված լինի տնտեսության տարբեր ճյուղերում արտադրողականության բարձրացմանը։
Կառավարության նոր ծրագրում նախարարն առանձնացրել է նախատեսվող ջրային և հողային բարեփոխումները՝ նշելով, որ ՀԲ-ը մեծ փորձառություն ունի այս երկու ոլորտներում ռեֆորմների իրականացման մեջ և կարող է մեծ ներդրում ունենալ՝ տրամադրելով խորհրդատվական ծառայություններ հնարավորինս սահուն այդ գործընթացները կազմակերպելու համար։
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվել են նաև ՓՄՁ ոլորտի և աշխատանքային հմտությունների զարգացումը, ինչպես նաև տնտեսության թվայնացումը։
ՀԲ Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար։ Նշելով, որ ՀԲ-ն պատրաստակամ է աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում՝ նա առանձնացրել է աշխատանքային հմտությունների զարգացման և ՓՄՁ ոլորտում աջակցության հարցը և ավելացրել, որ աջակցությունը կարող է լինել ոչ միայն ֆինասական, այլև խորհրդատվական և միջազգային լավագույն փորձի փոխանակման միջոցով։
Կարոլին Գեգինատը նաև տեղեկացրել է, որ աշխատանքային հմտությունների զարգացման նպատակով ՀԲ-ի կողմից իրականացվել է Հայաստանի աշխատանքի շուկայի լայնամասշտաբ ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքում վեր են հանվելու առկա բոլոր խնդիրները, անհրաժեշտ հմտությունների պակասը։ Նա առաջարկել է առանձին հանդիպում կազմակերպել իրենց կողմից իրականացված վերլուծության արդյունքները քննարկելու և այս ոլորտում արդյունավետ համագործակցության ուղիներ գտնելու համար։
Հարավային Կովկասում ՀԲ տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսն առանձնացրել է այն ուղղությունները, որտեղ տեսնում է համագործակցության հեռանկարներ․ դրանք են՝ ներդրումային միջավայրի բարելավում, ֆինանսական միջոցների հասանելիություն, աշխատանքային հմտություններ, հարկային համակարգի բարեփոխումներ։ Կառավարության ծրագրի տնտեսական հատվածի իրականացման ճանապարհային քարտեզին համահունչ կհստակեցվեն երկարաժամկետ և կարճաժամկետ համագործակցության ուղղությունները։
ՀԲ-ի ներկայացուցիչները նաև նշել են, որ ուսումնասիրություն է արվում Հայաստանի ներդրումային գրավչությունները բացահայտելու համար, այդ թվում՝ համայնքներում։ Փաստաթուղթը պատրաստ լինելուն պես կտրամադրվի էկոնոմիկայի նախարարությանը՝ ուսումնասիրության։