ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով գտնվում էր ՌԴ-ում, որի շրջանակում մի շարք հանդիպումներ է կայացել ռուս գործընկերների հետ։ Այցի շրջանակներում Վահան Քերոբյանը և նրա գլխավարած պատվիրակությունը մասնակցել են «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը և արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։
Հուլիսի 5-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ՝ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսային հարթակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ ուղղված Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին և 2020թ․-ին համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը, Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները։
Հայկական կողմը հրավիրել է ռուսական արդյունաբերական ձեռնարկություններին՝ որպես պոտենցիալ շահառուներ մասնակցություն ունենալ նոր ձևավորվող «Արարատ» արդյունաբերական պարկում, ինչպես նաև «Ինժեներական քաղաք» նախագծում։
Անդրադարձ է եղել նաև ռուսական ընկերությունների մասնակցությամբ Հայաստանում արևային պանելների արտադրության և երրորդ երկրներ արտահանման հնարավորություններին, ինչպես նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի Հայաստանում արտադրության հեռանկարների հետ կապված հարցերին։
Նույն օրը Վահան Քերոբյանը մասնակցել է ցուցահանդեսի գլխավոր պլենար նիստին, որը կրում էր «Ճկուն արտադրությունից մինչեւ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում.նոր հեռանկարներ» խորագիրը:
«Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսային հարթակում հոււլիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը ստորագրել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական կապերի իրականացման մասին» համաձայնագիր, որ նախատեսվում է համագործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության, ներդրումների, արդյունաբերության, առևտրի և մեծ ներուժ ունեցող այլ բոլոր հնարավոր ոլորտներում:
Համաձայնագրի ստորագրումը կնպաստի առևտրատնտեսական երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Սվերդլովսկի մարզի միջև նոր գործարար կապերի հաստատմանը:
Նույն օրը Վահան Քերոբյանը հանդիպել է Սվերդլովսկի մարզի միջազգային և արտաքին տնտեսական կապերի նախարար Վասիլի Կոզլովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հուլիսի 6-ին ստորագրված «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական կապերի իրականացման մասին» համաձայնագրի դրույթների կյանքի կոչմանն ուղղված քայլերը և այդ նպատակով որոշվել է մշակել ճանապարհային քարտեզ։
Համաձայնագրի իրականացումը կնպաստի առևտրատնտեսական երկկողմ համագործակցության ընդլայնմանը․ կողմերը պարտավորվում են ստեղծել անհրաժեշտ կազմակերպչական, ֆինանսատնտեսական և իրավական պայմաններ համատեղ ձեռնարկությունների գործունեության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծերի մշակման և իրականացման համար։ Սա նաև բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում և Սվերդլովսկի մարզի տարածքներում անցկացվող տոնավաճառներին, ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին հայկական և ռուսական ընկերությունների մասնակցության, համագործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը համար։
Կողմերը քննարկել են նաև արդյունաբերության, առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։
Հուլիսի 7-ին «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսային հարթակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է ՌԴ կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ասոցիացիայի տնօրեն Անդրեյ Շպիլենկոյի հետ։
Հանդիպման ընթացքում երկու կողմերի պատվիրակություններն անդրադարձել են երկու երկրների արդյունաբերական պարկերում և ազատ տնտեսական գոտիներում համագործակցության հնարավորություններին։
Քննարկվել է ՌԴ կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ասոցիացիայի կողմից հայ մասնագետների համար՝ ԱՏԳ-ների գործունեության համար մեթոդաբանության մշակման, նոր մեխանիզմերի կիրառման ուղղությամբ անվճար ուսուցում կազմակերպելու հնարավորությունը։
Հայկական կողմն առաջարկել է դիտարկել ռուսական ձեռնարկությունների՝ հայկական լոգիստիկ կենտրոնում և արդյունաբերական պարկերում գործունեություն ծավալելու և Հայաստանի միջոցով 3-րդ երկրներ իրենց արտադրանքն արտահանելու հնարավորությունները։
Հուլիսի 7-ին «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսային հարթակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է Ուրալի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ, խորհրդի նախագահ Անդրեյ Բեսեդինի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման, գործարար կապերի հաստատման և ամրապնդման հնարավորությունները, նախանշվել համագործակցության առավել արդյունավետ ուղիները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին հայկական և ռուսական ընկերությունների մասնակցության, համատեղ ցուցահանդեսների, գործարար համաժողովների կազմակերպման և գործարար կապերի հաստատման հարցերին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուրալական կողմը հայկական կողմին կտրամադրի իրենց կողմից նախատեսվող ցուցահանդեսների ժամանակացույցը՝ հետագա կազմակերպչական աշխատանքները պլանավորելու նպատակով։