ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԵՄ փորձագիտական խմբի կողմից 2021թ․ հունիսի 9-ին Երևանում կազմակերպվել և անց է կացվել աշխարհագրական նշումների ոլորտում առկա կարգավորումներին առնչվող Իրավական աշխատաժողովը։ Միջոցառումը կազմակերպվել է «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման գործընթացի իրականացման շրջանակներում։
Աշխատաժողովին մասնակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներ, Գինու և խաղողագործության հիմնադրամի ներկայացուցիչներ, ոլորտի գործարարներ, ինչպես նաև ծրագրում ներգրավված եվրոպական փորձագետներ։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառման ընթացքում կայացել են քննարկումներ և մտքերի փոխանակումներ՝ գործընթացին առնչվող հարցերի շուրջ միասնական մոտեցումների ձևավորման և մշակման նպատակով։