Հունիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել է «Իրան-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի խորհրդական Հասան Զամանին և մի շարք այլ պաշտոնատար անձինք։
Ցուցահանդեսին ներկայացված են իրանական շուրջ 100 խոշոր ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում էներգետիկայի, արդյունաբերության, տեխնոլոգիաների, շինարարության, գյուղատնտեսության, բժշկության, դեղագործության և սննդի ոլորտներում։
Նարեկ Տերյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել մասնակիցների հետ։ Նախարարի տեղակալը հայտնել է իր պատրաստակամությունը հանդիպել ցուցահանդեսի մասնակից ընկերությունների հետ և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և Իրանի առևտրի ու արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների միջև կկազմակերպվեն հանդիպումներ, որոնք կնպաստեն երկու երկրների գործարար համայնքների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը։