ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։
Շնորհավորելով Դրագիցա Պոնորացին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վահան Քերոբյանը նորանշանակ դեսպանին մաղթել է հաջող ու բեղմնավոր աշխատանք և պատրաստակամություն հայտնել ծավալել արդյունավետ երկկողմ համագործակցություն տնտեսության տարբեր ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պոնորացը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու նպատակով:
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը: Այնուհետև, կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության տեսանկյունից առավել նպատակահարմար ուղղությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, մետալուրգիայի, արևային էներգետիկայի, հանքարդյունաբերության, կանաչ գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտներ։
Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու և երկուստեք զբոսաշրջային հոսքն ակտիվացնելու խնդրին։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանմանը վերաբերող մի շարք այլ հարցեր: