ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 21-ին մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված «Food & Drinks EXPO-2021» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը։
Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել սննդի արդյունաբերության ոլորտում գործող ձեռնարկություններին և կազմակերպություններին` շուկան հագեցնել բարձրորակ արտադրանքով ու սպառողների լայն շրջանակի համար մատչելի ապրանքներով, ներկայացնել սննդի և վերամշակող արդյունաբերության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները, նպաստել առևտրային ընկերությունների և սննդի արդյունաբերության ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև գործարար նոր կապերի հաստատմանը:
Եռօրյա ցուցահանդեսը մեկ հարթակի տակ կմիավորի սննդի արդյունաբերության առաջատար ընկերությունների, բիզնեսի, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչների, արտադրողների ու մատակարարների: Միջոցառման ընթացքում տեղական և արտասահմանյան առավել քան 80 ընկերություններ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից ներկայացնում են սննդի արդյունաբերության ոլորտի տարբեր ապրանքներ ու ծառայություններ:
«Food & Drinks EXPO-2021» ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են. մսամթերք, կաթնամթերք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, հանքային ջրեր, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված մրգեր և բանջարեղեն, հրուշակեղեն, չրեր, բնական օճառներ, պաղպաղակ, սննդամթերքի արտադրության ոլորտում կիրառվող սարքավորումներ և այլն։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «21-րդ դարում կարևոր է սննդի արդյունաբերության մեջ նորարարությունների կիրառումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու ոլորտում գործող բիզնեսների թվայնացումը։ Հուսով եմ, որ այս երեք օրվա ընթացքում մենք կտեսնենք նոր տեխնոլոգիական և թվային լուծումներ, իսկ մասնակիցները լավագույնս կօգտագործեն ընձեռված հնարավորությունները և հիմք կդնեն երկարաժամկետ համագործակցությունների»։
Նախարարի պաշտոնակատարն իր խոսքում նաև ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում սննդի արդյունաբերությանը և պատրաստ է աջակցել ոլորտի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ կատարեն անցումն ավանդականից դեպի նորարարական լուծումներ։
Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ոլորտում ներգրավված տնտեսավարողներին գնահատելու սեփական արտադրանքի մրցունակությունը, հաստատելու նոր գործարար կապեր և ընդլայնելու արտահանման հնարավորությունները։
Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Վահան Քերոբյանը շրջել է տաղավարներով ու ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին։