Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կանգուն – փորձագետների ակումբ» գործարարության զարգացման հասարակական կազմակերպության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և «Կանգուն – փորձագետների ակումբի» նախագահ Ալեքսանդր Գրիգորյանը։
Հուշագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման, ներդրումային դաշտի գրավչության բարձրացման, ներդրումների համար նոր ոլորտների բացահայտման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Կողմերի համաձայնեցված և կառուցողական փոխգործակցության առանցքը լինելու է դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավումը։
«Կանգուն – փորձագետների ակումբը» կաջակցի նախարարությանը և Ներդրումների աջակցման կենտրոնին ներդրումային ծրագրերի ուսումնասիրման, գնահատման, կազմման, ներդրումային նոր հնարավորությունների բացահայտման, ներդրումների ներգրավման գործընթացում, նաև կտրամադրի նախարարությանն անհրաժեշտ խորհրդատվություն։
Նախարար Տիգրան Խաչատրյանը միջոցառման ընթացքում նշել է, որ հուշագրի ստորագրումը ոչ թե երկխոսության սկիզբ է, այլ արդեն իսկ կայացած փոխգործակցության արդյունք։
Կողմերը քննարկել են առաջիկա անելիքները, ծրագրերի փաթեթավորման գործընթացը, ինչպես նաև նախարարության՝ մի քանի ուղղություններով խորհրդատվական տեսակետներ ստանալու ներկա կարիքները։