ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման եղեգնաշաքարի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /02.04.2026, N-417 -Ն/։
Որոշումն ուղղված է պատշաճ ապահովելու 2026 թվականի հունվարի 30-ի ԵՏՀ Խորհրդի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ եղեգնաշաքարի մասով փոփոխություններ կատարելու մասին» № 19 որոշման դրույթների կիրառումը։
Համաձայն ԵՏՀ Խորհրդի որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 20,0 հազ․ տոննա չափով եղեգնաշաքարի /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող եղեգնաշաքարի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2026 թվականի փետրվարի 1 - ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
ՈՒշադրություն !!!
Մաքսատուրքի վճարումից ազատումը տրամադրվելու է տնտեսավարող սուբյեկտներին բացառապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում, որը տրամադրվելու է 2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության № 228-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։