ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /02.04.2026, N 427- Ն/։
Որոշումն ուղղված է պատշաճ ապահովելու 2026 թվականի հունվարի 30-ի ԵՏՀ Խորհրդի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի մասով փոփոխություններ կատարելու մասին» № 22 որոշման դրույթների կիրառումը։
Համաձայն ԵՏՀ Խորհրդի որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804 00 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի 0 % մաքսատուրքի դրույքաչափով ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն ոչ ավելի, քան համապատասխանաբար՝ 300,0 և 200,0 տոննա ծավալներով։ Նշված ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը։
ՈՒշադրություն !!!
Մաքսատուրքի վճարումից ազատումը տրամադրվելու է տնտեսավարող սուբյեկտներին բացառապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում, որը տրամադրվելու է 2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության № 228-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Հայտը և դրան կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։