ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ
ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1077-Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի N 1077-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը՝ համաձայն հավելվածի՝ հիմք ընդունելով «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11.1-ին կետը։
Հայաստանի Հանրապետությունում` կերային հավելումների պետական գրանցման հավաստագիր ստանալու համար անձինք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են առձեռն, կամ փոստով, կամ էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին դիմումին կից ներկայացնում են հայտ` համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի N 1077-Ն (Տես կցված ֆայլերում):
Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել և կիրառել այն կերային հավելումները, որոնք գրանցված են Եվրասիական տնտեսական միության անդամ որևէ երկրում։
Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից՝ սույն կարգի պահանջների համաձայն։
Կերային հավելումների պետական գրանցման նպատակով՝ հայտատուն փորձանմուշները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ գիտական կենտրոն)։ Գիտական կենտրոնը «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով պայմանագրային հիմունքներով փորձանմուշներն ուղարկում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիա՝ փորձաքննության։
Կերային հավելումների պետական գրանցումն իրականացվում է փորձագիտական եզրակացության հիման վրա, որը ներառում է կերային հավելումների փորձաքննությունը, փորձաքննության արդյունքների վերլուծությունը և պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրությունը, որոնք իրականցվում են գիտական կենտրոնի կողմից։
Հայաստանի Հանրապետությունում կերային հավելումների պետական գրանցման համար կերային հավելումներ արտադրողը, ներմուծողը կամ նրանց կողմից լիազորված իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ հայտատու), համաձայն N 1 ձևի, ներկայացնում է հայտ նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում ներկայացնում է թղթային եղանակով, որին կցվում են սույն կարգի 9-րդ կետով պահանջվող կերային հավելումների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Կերային հավելումների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1) կերային հավելումների օգտագործման հրահանգ, որը պարունակում է հետևյալ տեղեկությունը.
ա․ ընդհանուր բնութագիր,
բ․ տեղեկություն կերային հավելումների կենսաբանական հատկությունների մասին,
գ․ կերային հավելումների օգտագործման կարգը և պայմանները,
դ․ տեղեկություն կերային հավելումների արտադրողի մասին,
ե․ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պետական գրանցման վկայականի գրանցման համարը (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ կամ այդպիսի օրգանիզմներ պարունակող կերային հավելումների համար).
2) փաստաթղթեր՝ կերային հավելումների բնութագրերը, անվտանգության ցուցանիշները և կերային հավելումների հետազոտության մեթոդները․
3) փաստաթղթեր՝ թունաբանական հետազոտությունների, կերային հավելումների օգտագործման անվտանգության բնագավառում հետազոտությունների արդյունքները.
4) փաստաթղթեր՝ կերային հավելումների կայունության հետազոտության արդյունքները.
5) կերային հավելումների նմուշների հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունը.
6) կերային հավելումներ արտադրող երկրի լիազորված մարմնի կողմից տրված վավերացված փաստաթուղթ, որտեղ ներառված են կերային հավելումներ արտադրողի (արտադրողների) գտնվելու վայրի անվանումը և հասցեն, կերային հավելումների արտադրության վայրը (այն կերային հավելումների համար, որոնց արտադրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս).
7) լիազորագիր։
Կերային հավելումների փորձաքննության ու փորձաքննության արդյունքների վերլուծության և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա փորձագիտական եզրակացության տրամադրումն իրականացվում է ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրվա ընթացքում:
Փորձաքննության և փորձագիտական եզրակացության նպատակով հայտատուի և գիտական կենտրոնի միջև կնքված պայմանագրային հիմունքներով սահմանված վճարը հայտատուի կողմից փոխանցվում է գիտական կենտրոնի հաշվեհամարներին։
Հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունն ուսումնասիրում է հայտին կից փաստաթղթերի ամբողջականությունը և ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է գիտական կենտրոն՝ ուսումնասիրության։
Նախարարությունը, հիմք ընդունելով կերային հավելումների պետական գրանցման նպատակով ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը, ինչպես նաև կերային հավելումների փորձագիտական եզրակացությունը, տասնօրյա ժամկետում ընդունում է որոշում կերային հավելումները գրանցելու կամ մերժելու վերաբերյալ, և դրա մասին «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով անհատական ծանուցմամբ պատշաճ ծանուցվում է հայտատուին՝ ապահովելով հայտատուի լսվելու իրավունքը։
Կերային հավելումների պետական գրանցման մասին որոշման և պետական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա եռօրյա ժամկետում կատարվում է պետական գրանցում և հայտատուին տրվում է կերային հավելումների գրանցման պետական հավաստագիր՝ համաձայն N 2 ձևի:
Կերային հավելումները գրանցված են համարվում կերային հավելումների պետական ռեեստրում դրա մասին տեղեկատվության մուտքագրելու օրվանից:
Տեղեկատվության մուտքագրումը կերային հավելումների պետական ռեեստր իրականացվում է կերային հավելումների պետական գրանցման մասին որոշման ընդունման օրը:
Կերային հավելումների պետական գրանցումն անժամկետ է՝ բացառությամբ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված կամ այդպիսի օրգանիզմներ պարունակող կերային հավելումների պետական գրանցման:
Կերային հավելումների պետական գրանցման մերժման հիմքերն են՝
1) բացասական եզրակացության առկայությունը․
2) պետական գրանցման ներկայացված կերային հավելումների ֆիրմային անվանման և ակտիվ կամ օժանդակ նյութերի տարբեր որակական կամ քանակական բաղադրություն ունեցող արդեն գրանցված կերային հավելումների ֆիրմային անվանման համընկնումը:
«Կերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11․1-ին կետի համաձայն՝ կերային հավելումների պետական գրանցումը դադարեցվում է նախարարության կողմից, եթե՝
1) տնտեսավարող սուբյեկտը դիմում է լիազոր մարմին կերային հավելման պետական գրանցումը դադարեցնելու վերաբերյալ․
2) ավարտվել է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պետական գրանցման վկայականի ժամկետը, որի օգտագործմամբ ստացվել է գրանցված կերային հավելումը կամ որն այն պարունակում է։
Կերային հավելումների պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան: Պետական տուրքը կազմում է 20000 ՀՀ դրամ: Հայտատուն հավաստագիր ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005003430 հաշվեհամարին: