Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում 2006 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված Շրջանակային համաձայնագիրը» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N 1112-Ն որոշումը:
Որոշմամբ հաստատված Կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու նպատակով` գործողություն իրականացնող կազմակերպությունը լրացնում է տեղեկանքը` համաձայն ձևի (տեղեկանքի ձև): Տեղեկանքը կարող է ներբեռնվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջից և լրացվել տպագիր կամ ձեռագիր տարբերակներով:
Արտոնություններից օգտվելու համար գործողություններ իրականացնող կազմակերպությունը ուղեկցող գրությամբ` նշելով հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում`
1) նամակ-հավաստագիրը` Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունից այն մասին, որ ապրանքների ներմուծումը կամ ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը կատարվել է հանձնաժողովի կողմից ֆինանսավորված գործողությունների շրջանակներում (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում).
2) Եվրոպական հանձնաժողովի հետ կնքված ֆինանսավորման վերաբերյալ պայմանագրի պատճենը՝ ներառյալ բյուջեի բացվածքը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Սկզբնական հաստատված բյուջեում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում ներկայացվում է փոփոխված օրինակը և անհրաժեշտության դեպքում նաև բյուջեում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին նամակ-հավաստագիրը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Բյուջեի բացվածքը, ինչպես նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով (թղթային տարբերակի հետ ներկայացվելու դեպքում էլեկտրոնային ստորագրության անհրաժեշտություն չկա)։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում՝
1) գործողություն իրականացնող կազմակերպությունը լրացնում է տեղեկանքը 2 օրինակից, ստորագրում և մեկ օրինակը տրամադրում մատակարարին (կապալառուին, ծառայություններ մատուցողին), իսկ մեկ օրինակը պահում իր մոտ.
2) գործողություն իրականացնող կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տվյալ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկանքների պատճենները: Տեղեկանքների պատճենները ներկայացվում են ուղեկցող գրությամբ, որում նշվում են կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև կազմակերպության անվանումը, գործողության (ծրագրի) անվանումը, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների ձեռքբերման արժեքը (թվերով և տառերով):
Ուղեկցող գրությունը և տեղեկանքների պատճենները կարող են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվել առձեռն կամ փոստով: Գրությունը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ secretariat@mineconomy.am հասցեին` սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ` համապատասխան ֆորմատի ֆայլով (PDF): Էլեկտրոնային թվային ստորագրված գրությանը կից տեղեկանքները ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX).
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է գրությամբ ներկայացված տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ներառված լինելը համաձայնագրում և գործողության բյուջեում, քանակական հատկանիշների համապատասխանությունը համաձայնագրին և գործողության բյուջեին և անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (դիմումում նշված էլեկտրոնային փոստի միջոցով կամ հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ ստացականով տեղեկացնում է գործողություն իրականացնող կազմակերպությանը։
Գործողություն իրականացնող կազմակերպությունը տեղեկանքում առկա անհամապատասխանության վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ուղղված տեղեկանք:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գործողություններ իրականացնող կազմակերպությունից Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկանքներն ստանալուց և համաձայնագրին և գործողության բյուջեին դրանց համապատասխանությունն ստուգելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկանքները, կամ ուղղված տեղեկանքն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղղված տեղեկանքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե: Գործողություն իրականացնող կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ուղղված տեղեկանքը չներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում անհամապատասխանություն ներառող տեղեկանքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե՝ նշելով տեղեկանքներում առկա անհամապատասխանությունները:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գործողության բյուջեի կամ դրա որևէ տողի սպառման դեպքում դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է գործողություն իրականացնող կազմակերպությանը՝ նշելով, որ վերջինս տվյալ գործողության բյուջեի կամ որևէ տողի մասով տեղեկանք տրամադրելու իրավունք այլևս չունի:
Գործողության իրականացման նպատակով կազմակերպության հետ անմիջականորեն պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից և գործողության իրականացման նպատակով կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում` գործողություն իրականացնող կազմակերպությունը Որոշմամբ հաստատված Կարգի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն պահանջվող փաստաթղթերը ներկայացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե: