Հայտարարություն N 1
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ գիտելիքահենք տնտեսության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2022-11-18
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Նախագիծը նախատեսվում է քննարկել ոլորտի ներկայացուցիչների (իրավաբանների) և շահագրգիռ գերատեսչությունների հետ, թարգմանել անգլերեն, կարծիքի ներկայացնել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը, ամփոփված վերջնական նախագիծը ներկայացնել ՀՀ Կառավարություն և հաստատումից հետո իրականացնել դրանով նախատեսված միջոցառումները։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- Հայաստանի Մտավոր սեփականության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի քննարկման աշխատանքների կազմակերպում և անցկացում մասնավոր ոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ պետական մարմինների (գերատեսչությունների) հետ,
- ռազմավարության նախագծի անգլերեն թարգմանության ապահովում և ներկայացում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն՝ կարծիքի համար,
- ռազմավարության նախագծի վերաբերյալ կարծիքների հավաքագրում, ամփոփում և վերջնականացված նախագծի ներկայացում ՀՀ Կառավարություն,
- տարեկան զեկույցի պատրաստում Հայաստանում մտավոր սեփականության համակարգի ներկայիս վիճակի (կրթություն, իրավակիրառ պրակտիկա, օրենսդրություն, ենթակառուցվածքներ և այլն), առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ կատարված, կատարվող և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ,
- ոլորտի ներկայացուցիչների հետ գործող ՄՍ ոլորտի օրենսդրության և ՄՍ ոլորտին առնչվող այլ օրենքների բացերի և խնդիրների վերհանում, ուսումնասիրություն, օրենսդրական բարեփոխման առաջարկների պատրաստում,
- միջազգային փորձի ուսումնասիրություն «Հուշող ապրանքային նշանների» սահմանման և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ և առաջարկությունների ներկայացում ՀՀ ՄՍ ոլորտի օրենսդրությունում նման հասկացության սահմանման նպատակահարմարության վերաբերյալ,
- ՄՍ ոլորտի օրենսդրությանը, ենթակառուցվածքներին, կրթությանը և իրավակիրառ պրակտիկային առնչվող հարցերով միջազգային փորձի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում,
- հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտների պետական գրանցման միջազգային փորձի ուսումնասիրություն և Հայաստանում նման օբյեկտների պետական գրանցման նպատակահարմարության դեպքում առաջարկությունների ներկայացում,
- ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակում վարչական վարույթների և որոշումների կայացման ընթացակարգերի ուսումնասիրություն և դրանց արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
- աջակցություն Հայաստանում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ Մտավոր սեփականության կրթական և հետազոտական կենտրոնի ստեղծման աշխատանքներում,
- Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում դասավանդողների վերապատրաստման ծրագրի համակարգում և մասնակցություն,
- վերոգրյալ միջոցառումների ֆինանսավորման անհրաժեշտության դեպքում՝ դոնոր կազմակերպությունների հետ հանդիպումների և քննարկումների կազմակերպում և անցկացում:
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
- իրավունքի բնագավառում՝ յոթ տարվա աշխատանքային ստաժ,
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում, անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5.Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. նոյեմբերի 23-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):