ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը։
Միջոցառման նպատակն է սեզոնային գործոնով պայմանավորված՝ ճանապարհների փակ լինելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնելը, լոգիստիկ խոչընդոտների և լրացուցիչ ծախսերի նվազեցումը։
Լարսի անցակետը, սեզոնային խնդիրներով պայմանավորված, փակ կամ ծանրաբեռնված լինելու պարագայում, Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխում կազմակերպելու համար օպերատորը վարձակալում է լաստանավ (լաստանավեր)։
Սույն միջոցառման շրջանակներում օպերատոր է ճանաչվել «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (էլ․ հասցեն՝ hello@bluegreens.ru)։
Միջոցառման մանրամասները ներկայացված են ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ և ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշումներում։