
Ծրագրի հիմնական նպատակը՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։
Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան՝
- տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
- կոմբայններ,
- հավաքիչ-մամլիչներ,
- շարքացաններ,
- գութաններ,
- խոտհնձիչներ,
- կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
- կուլտիվատորներ, ֆրեզներ,
- սրսկիչներ,
- տրակտորային կցասայլակներ,
- այլ գյուղատնտեսական տեխնիկա։
Ծրագրի պայմաններն են՝
- լիզինգի տարեկան տոկոսադրույքը՝ 2%, իսկ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվների (լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ չունեցող), Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%,
- կանխավճարը՝ լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20% չափով,
- լիզինգի մարման ժամկետը՝
- կոմբայների համար՝ 7-10 տարի,
- տրակտորների համար՝ 5-6 տարի,
- շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար՝ 3-6 տարի,
- այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի,
Ընդ որում տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 5-6 տարի։
- լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։
Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 500,0 մլն դրամը։
Ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը Ֆինանսական կառույցների հետ լիզինգի պայմանագիր կնքած Գյուղատնտեսական կոոպերատիվների համար մասնակի կսուբսիդավորվի գյուղատնտեսական տեխնիկայի համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի 20 % կանխավճարի 30 %-ը։
Ծրագրի շրջանակում կանխավճարի մասնակի սուբսիդավորման շահառու է հանդիսանում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվը (այսուհետ՝ շահառու) , որը՝
- չունի լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ,
- լիզինգի պայմանագրի կնքման օրվա դրությամբ ունի առնվազն մեկ տարվա գործունեության պատմություն,
- ունի վարկային զեկույց, համաձայն որի, ըստ ԱՔՌԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունի ձևավորված վարկային պատմություն,
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չի կայացվել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում կամ դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ,
- վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ունեցել է ֆինանսական կայունության ցուցանիշ (առկա է գեներացված շահույթ կամ ձևավորված է պահուստային ֆոնդ),
- ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար ներգրավվող փոխառու միջոցների մասնաբաժինը (լիզինգի ընդհանուր պարտավորության չափը) չի գերազանցում կոոպերատիվի գույքի արժեքի 50 տոկոսը՝ ըստ վերջին տարեկան ֆինանսական հաշվետվության («Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի համաձայն),
- ֆինանսական կառույցին է ներկայացրել գործարար ծրագիր՝ ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման վերաբերյալ՝ առնվազն 5 տարվա կտրվածքով, որը դրական եզրակացություն է ստացել ֆինանսական կառույցի կողմից։
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման պայմաններն են՝
- սուբսիդավորվում է գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ծրագրի շրջանակում ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը,
- յուրաքանչյուր շահառուի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի սույն կետում նշված կանխավճարի սուբսիդավորման հանրագումարը չի կարող գերազանցել 2.5 մլն դրամը, իսկ գերազանցող մասի վճարման պարտավորությունը կրում է շահառու,
- լիզինգի առարկայի հանձնման ընդունման ակտի ստորագրման օրվանից հաշված 5 տարի շահառուն չպետք է օտարի լիզինգի առարկան, որի հսկողությունը պետք է իրականացնի ֆինանսական կառույցը։
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների ցանկ:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման և աջակցության պայմանները
2024 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N 1985-Լ որոշումը
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել`
ԹԵԺ ԳԻԾ` 81-40