2021 թվականի մայիսի 7-ին «Հետք» ինտերնետային թերթում լրագրող Տիրայր Մուրադյանի հեղինակությամբ հրապարակված «Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանձնարարությամբ, դիմել էր ՀՀ պետական վերահսկողության ծառայություն՝ խնդրելով «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացնել ուսումնասիրություն՝ հոդվածում նշված հովանավորչության հնարավոր դեպքերը բացահայտելու համար։
Իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողության ծառայության կողմից նախարարությանն ուղղված գրության մեջ նշվում է, որ հրապարակման մեջ ներկայացված խնդիրներն ու նշված անձանց տվյալները՝ ինքնակենսագրականները, աշխատանքային գործունեությունները և մասնագիտական հմտությունները, ինչպես նաև պաշտոնների նշանակման ողջ գործընթացը հանգամանորեն ուսումնասիրվել են․ հնարավոր հովանավորչության և այլ խախտումների մասով ռիսկեր չեն հայտնաբերվել:
Այսպիսով՝ «Հետքի» լրագրողը, հանգամանորեն չուսումնասիրելով համապատասխան իրավական ակտերը և չճշգրտելով փաստերը, իր հոդվածում անհիմն զրպարտել է նախարարության և ՊՈԱԿ-ի աշխատակիցներին՝ ստվեր գցելով նախարարության և ՊՈԱԿ-ի հեղինակության վրա։
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ էկոնոմիկայի նախարարությունը անհանդուրժողական վերաբերմունք ունի հովանավորչական դրսևորումների նկատմամբ: Մենք կարևորում ենք զանգվածային լրատվության միջոցների ամենօրյա հետևողական աշխատանքը խնդիրների վերհանման և հանրային իրազեկման գործում, սակայն, միևնույն ժամանակ, անհիմն և անհարկի ենք համարում կոնկրետ անձանց նկատմամբ թիրախավորված շահարկումները, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեությունը թափանցիկ է և բացառապես Օրենքի շրջանակներում։