ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը՝ որպես առաջանցիկ տնտեսական զարգացման նախապայման։ Աշխատանքի որակի ու արդյունավետության բարձրացման նպատակով նախարարությունը պարբերաբար իրականացնում է աշխատանքի մոնիթորինգ և գնահատում։ Իրականացվող միջոցառումների արդյունքում սույն թվականի ապրիլի 12-ին որոշում է կայացվել վերակազմակերպել և կառուցվածքային փոփոխություններ կատարել գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժիններում:
Իրականացված աշխատանքների արդյունավետության և աշխատակիցների զբաղվածության գնահատման արդյունքների հիման վրա նախարարության կողմից մշակվել է ՀՀ Վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 2-ի N 706 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծ և ներկայացվել Կառավարության հաստատմանը։ ՀՀ Վարչապետի՝ 2021թ․-ի N 372-Ա որոշման համաձայն՝ օպտիմալացվել է նախարարության ընդհանուր հաստիքացուցակը։
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմնի աշխատողների քանակի օպտիմալացման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը։
Հարկ ենք համարում նշել, որ որոշմանը հիմք է ծառայել քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման արդյունքները։
Նախարարությունը ստանձնել է բարեփոխումների իրականացման պարտավորություն և առաջիկայում կներդնի աշխատանքի որակի ու արդյունավետության բարձրացման, աշխատանքային մշակույթի առավել արագ վերափոխման ու միջազգային ստանդարտներին համապատասխանեցման աշխատողների որակավորման մեխանիզմներ, ինչպես նաև հիմնական կատարողական ցուցիչների (key performance indicator, KPI) վրա հիմնված համակարգ, ինչը կխրախուսի առավել արդյունավետ, բարեխիղճ և նախաձեռնողական աշխատանքը և կձևավորի աշխատանքի շուկայում մրցակցային պայմաններ: