Տաթևը 2 փոքրիկ աղջիկների մայր է։ Բայց դա չի խանգարել նրան իր բիզնես գաղափարն ունենալ և այն իրականացնելու համար փորձել օգտվել 19-րդ միջոցառման հնարավորություններից։ Ճիշտ հակառակը՝ երեխաներն իրեն ոգևորել և ուժ են տվել։
- Նրանց անմեղ ժպիտները տեսնելով, ուզում եմ ամբողջ աշխարհը շուռ տալ դեպի լավ կողմը, դեպի դրականը, գունավորը․․․ Ես երբեք ռոմանտիկ չեմ եղել, բայց իմ երկու հրեշտակները կարողացել են փոխել ինձ: Հենց այդ նույն ռոմանտիկ զգացողությամբ էլ սիրահարվել եմ իմ բիզնես գաղափարին, - ասում է Տաթևը:
Տաթև Ղազարյանը ֆինանսական ոլորտի վերլուծաբան է, աշխատում է Կենտրոնական բանկում։
Ծնողները միշտ վստահել են իրեն և թույլ տվել ինքնուրույն որոշումներ կայացնել: Դա օգնել է ինքնավստահություն ձեռք բերել և կայացած մարդ դառնալ։ Դեռ փոքր տարիքից, երբ ընկերուհիները բժիշկ կամ ուսուցիչ էին խաղում, նա երազել է զբաղվել բիզնեսով։ Ավելի հասուն տարիքում ամրապնդվել է կին ձեռներեց դառնալու իր ցանկությունը։
Տաթևը համարում է, որ իր երիտասարդ ընտանիքն ինչ-որ չափով էքստրիմի սիրահար է։ Օրինակ, հենց վերջերս, իրեն հետևելով, երեքամյա դուստրը թռիչք է կատարել զիփլայնով, ինչը չափազանց ոգևորել է Տաթևին և դարձրել ավելի համարձակ երազանքների իրագործման հարցում: Ու բնավ պատահական չէ, որ իր բիզնես գաղափարի հիմքում էքստրիմն է, ամուսնու հոբբին մեքենաների նկատմամբ։ Այս ծրագրին իր մասնակցությանը նա տվել է «Երբ կինը ամուսնու համար զրոյից բիզնես է ստեղծում» անվանումը, բայց էքստրեմալ բիզնես գաղափարի փակագծերը մյուս սկսնակերի պես բացել չի ուզում:
- Ամուսնուս համար, կարծում եմ, սա հաճելի անակնկալ կլինի՝ նա դեռ չգիտի իմ նախաձեռնության մասին։ 19-րդ միջոցառման հարցաթերթիկը լրացնելիս ծրագրի ու բիզնես ստեղծելու լրջությունը չէի պատկերացնում. Սիլվա Մեսրոպյանի «Գաղափարների գեներացում» առաջին դասից սիրահարվեցի գաղափարին և այն դարձրեցի օգտակար առաջարկ, ինչը ցանկացած բիզնես մոդելի հիմնասյուներից է համարվում: Այս պահին բոլոր ուժերս կենտրոնացրել եմ նախագծի իրականացման վրա. ծրագրի միջոցով քայլ առ քայլ մոտենում եմ գրագետ բիզնես պլանի կազմմանը: Երկարաժամկետ ծրագիր պետք է լինի, ինչը հայաստանյան բիզնես իրականության մեջ քիչ է հանդիպում, - նշում է Տաթևը:
Նա համոզված է, որ ֆինանսական խնդիրը չի խանգարելու բիզնեսը կյանքի կոչելուն։ Տանել չի կարողանում, երբ ասում են․«Փող լինի՝ ես էլ բիզնես կանեմ»: Միգուցե կարճաժամկետում կհաջողեն, բայց առանց մտածված բիզնես պլանի հեռու չեն գնա: Դրա մասին են վկայում ՓՄՁ-ների վերաբերյալ վիճակագրական տվյալները, բացվող և փակվող բիզնեսների հարաբերությունը:
- Երբ իմ բիզնես մոդելի վերջնական տեսքը պատրաստ լինի, ավելի մեծ քայլերով առաջ կգնամ: Այս պահին շատ մոտիվացված եմ, ձգտումներս մեծ են, քայլերիս մեջ վստահ եմ, թեև գիտակցում եմ գոյություն ունեցող խնդիրների մասին, որոնք շատ են, բայց, պիտի կարողանամ հաղթահարել դրանք և հասնել երազանքիս։ Հիմա պետության կողմից մշակված շատ ծրագրեր եմ տեսնում, նաև ձեռներեցին օգնելու մեծ պատրաստակամություն: Կարծում եմ, հնարավորությունների ժամանակ է և պետք չէ այն բաց թողնել, - զրույցն ավարտում է Տաթևը։՛
Ի դեպ, Տաթևիկին շատ կօգնեք, եթե լրացնեք այս հարցաշարը https://bit.ly/3jWe1Mn
Ես 0-ից ստեղծում եմ իմ բիզնեսը։ Հաջողություն մաղթիր ինձ