ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրով մշակվել է աջակցության ձևաչափ՝ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» ծրագրին:
Միջոցառումն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցության շրջանակում:
Միասին նախագիծը նախատեսված է 280 ք․մ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից 50 տոկոս պետական աջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի, քան 70 տոկոսը։
«Կարևորելով Հայաստանի սահմանամերձ համայնքների կայուն զարգացումը` ՄԱԶԾ-ի հետ համատեղ մշակեցինք համագործակցության յուրահատուկ ձևաչափ. համախմբելով առկա ռեսուրսները` ձեռնամուխ կլինենք ընտրված մարզերում և համայնքներում առավելագույն չափով նպաստել «խելացի» անասնաշենքերի կառուցմանը, ինչը մեծ խթան կհանդիսանա կաթի արժեշղթայի զարգացմանը։ Համոզված եմ, որ նմանատիպ համագործակցությունն էլ ավելի լայն կիրառություն կապահովի պետական օժանդակության զարգացման ծրագրերին և մեր սահմանած նպատակներին կկարողանանք հասնել առավելագույն կարճ ժամկետում։ Մենք հանձնառու ենք ծրագրի հաջող իրականացմանը, քանի որ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումն այս բնակավայրերում կխթանի նոր ագրոմշակույթի ձևավորումը, և այս հաջողության օրինակը վարակիչ կլինի հարևան բնակավայրերի համար», - նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
ՄԱԶԾ մասնակի համաֆինանսավորման կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն և մշտական բնակություն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, ունեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պետական աջակցության մասին պայմանագիր, ունեն խոշոր եղջերավոր անասնագլխաքանակ և մասնակցել են անասնաբուծության վարման վերաբերյալ մեկշաբաթյա դասընթացներին և ունեն հավաստագիր։
«Սա բացառիկ ձևաչափ է, քանի որ ՄԱԶԾ-ն առաջին անգամ է մշակել համագործակցության նմանատիպ մոդել՝ օժանդակելու պետական աջակցության ծրագրին: Ծրագիրն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում տոհմային «խելացի» անասնապահություն զարցացմանը, ինչն, իր հերթին, կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը և երկրի պարենային անվտանգությանը», - նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան։
«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Մրցույթի վերջնաժամկետն է 2020 թ․ սեպտեմբերի 15-ը։ Պայմաններին և դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով :